Պորտուգալիայում 31 տարեկանում սատկել է Բոբի անունով շունը, ով ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմության ամենատարեց շուն։ Այս մասին ասվում է համաշխարհային ռեկորդների գրքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Բոբին ապրեց 31 տարի 165 օր: Նա սատկել է հոկտեմբերի 21-ին պորտուգալական Կոկեյրոս գյուղի իր տանը, որտեղ ողջ կյանքն ապրել է Կոստա ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ալենթեգյան մաստիֆ պահակ շունը ծնվել է 1992 թվականի մայիսի 11-ին։ Բոբին Գինեսի ռեկորդների գիրք է մտել այս տարվա փետրվարին, այն ժամանակ շունն ավելի քան 30 տարեկան էր։ Նրա տարիքը հաստատվում է Լեյրիայի քաղաքապետարանի անասնաբուժական ծառայության և պետական անասնաբուժական տվյալների բազայի գրառումներով։ Ալենթեգյան մաստիֆի կյանքի միջին տևողությունը 12-ից 14 տարի է:




























