Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը։ Վարչությունը Քննչական կոմիտեին խնդրել է պարզել աղջիկների դրդապատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Գործը վերաբերում է Խաչատրյան երեք քույրերից երկուսին` Կրիստինային և Անգելինային։

Քննիչները այս գործի հանգամանքները պարզում են ավելի քան 5 տարի։ 2018 թվականին Մարիան, Անգելինան և Կրեստինան բերման են ենթարկվել իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով։ Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը պնդում էր, որ աղջիկները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ հայրը մշտապես նվաստացրել է նրանց (ֆիզիկապես և հոգեպես) և ստիպել սեռական գործողություններ կատարել։ Գործն այնպիսի հնչեղություն առաջացրեց, որ պիկետներ կազմակերպվեցին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում. ոմանք հանդես եկան քույրերի պատիժը մեղմելու և ընտանեկան բռնության մասին օրենսդրությունը փոխելու պահանջներով, իսկ մյուսները՝ աղջիկներին բանտ նստեցնելու պահանջով։

2018 թվականից աղջիկները գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ որոշակի գործողությունների արգելման տեսքով։

Միևնույն ժամանակ, Բուտիրսկայայի շրջանային դատարանը քննում է հոր գործը։ 2021 թվականի մարտին նա հետմահու մեղադրվել է իր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և խոշտանգումների մեջ։ Քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով՝ քույրերի դեմ գործընթացը կարող է ձգձգվել ևս մի քանի ամիս, այդ թվում՝ Միխայիլ Խաչատուրյանի գործով որոշման ակնկալիքով։