ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։

Պատկերը հետևյալն է.

«2023 թ․ հունվար-սեպտեմբերին 2022 թ․ հունվար-սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7 տոկոս

2023 թ․ սեպտեմբերին 2022 թ․ սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս»։

Համեմատության համար նշենք, որ 2023-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ առավելագույն աճը հունվար-սեպտեմբերին գրանցվել է շինարարության ոլորտում։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում շինարարության ծավալն աճել է 17%-ով, 2022թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 15․7%-ով։

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23․3%-ով, ծառայությունների ծավալը՝ 13․4%-ով նվազել է, սպառողական գներն էլ  նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝  2․8%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում էլ գրանցվել է 1.7% աճ։

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2․8%-ով։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47.2%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 48․5%-ով, իսկ ներմուծումը՝ 46․4%-ով: