ՀՀ իշխանություններն իրականացնում են զենքի մատակարարումների դիվերսիֆիկացիա ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հաշվին։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի հետ պաշտպանական գործարքը։

«Երկրի ղեկավարությունը, ՌԴ-ից հիմնական մատակարարումներից բացի, առաջ էլ գնում էր սպառազինությունների որոշակի ծավալ այլ երկրներից։ Այդ համագործակցությունում միշտ հաշվի են առնվել առկա տրանսպորտային-լոգիստիկ բարդությունները։ Փոխադրումներն այս բոլոր տարիներին իրականացվել են Վրաստանի եւ մասամբ՝ Իրանի տարածքով»,- ասել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք երբեք չի արգելել Հայաստանին սպառազինությունների գնումներ իրականացնել  այլ երկրներից։

Խորհրդարանականը կոչ է արել չմոռանալ, որ հայկական սպառազինությունների առյուծի բաժինը ռուսական ծագում ունի։

«Հետեւաբար, կառավարման ստեղծված համակարգը հենվում է հենց այդ զենքի վրա»,- նշել է Օհանյանը։

Նա նշել է. անցյալում Ռուսաստանից սպառազինությունների մատակարարումները կատարվել են մշտապես։ Իր նախարար եղած ժամանակ՝ 2008-2016թթ., Ռուսաստանից Հայաստան կատարվել է ինքնաթիռների մոտ 1 500 թռիչք, որոնք զենք են բերել։