Պարտադիր չէ, որ Հայաստանը ձեւավորի դաշնակցային հարաբերություններ ում հետ ասես, քանի որ գործընկերայիններն էլ բավական են։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը փնտրում է նոր գործընկերներ։
Հարցին, թե արդյոք խոսքը ռազմական դաշինքների մասին է, եւ ինչպես, նրա կարծիքով, իրեն կպահի Ռուսաստանը, Ջուլհակյանը, մասնավորապես, նշել է. «Եթե հաշվի առնենք, որ մեր անվտանգության բարձիկը մի շարք դեպքերում առնվազն չի բացվել եւ իրեն չի արդարացրել, ապա առաջանում է անվտանգության մեր համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է գտնել այլ բաղադրիչներ։ Դա կարող է լինել ե՛ւ զենքի տեսքով, ե՛ւ ԵՄ դիտորդական առաքելության տեսքով, ե՛ւ Հռոմի ստատուտի տեսքով, որը նախատեսում է թեեւ ոչ մեծ, բայց եւ այնպես, գոնե ինչ-որ անվտանգության բաղադրիչ»,- ասել է պատգամավորը։
Նա կռահումներ չի արել Կրեմլի հնարավոր արձագանքի մասին։





























