Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 8 հասցեի բնակիչներն արդեն 3 օր է՝ առանց ջրի են, քանի որ հնամաշ խողովակներն ամբողջովին շարքից դուրս են եկել։  Բնակիչներից Դավիթ Հարությունյանը, որը վարձով է բնակվում շենքի նկուղային հարկում, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 3 օր առաջ, երբ իր բնակարանի լոգասենյակի պատերը խոնավացել են, մասնագետների է հրավիրել, որոնք ստուգել են խողովակներն ու պարզել, որ դրանք շահագործման այլեւս ենթակա չեն։

«Վարպետները քանդեցին ու տեսան, որ ջուրը հոսում է։ Հին, ավերված խողովակներ են, վերանորոգում չի ստացվում։ Հիմա կիսաքանդված վիճակում են, դրա համար վարպետները փակեցին ջրի մատակարարումը»,- նշեց Հարությունյանը, որը Արցախից բռնի տեղահանվելուց հետո է տեղափոխվել այդ հասցե, բնակվում է 87-ամյա մոր հետ․ «Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ, ուրիշ տեղ չունեմ մնալու»։

Բնակիչների ահազանգով նախօրեին շենք են այցելել «Վեոլիա ջուր» ընկերության  աշխատակիցները, ուսումնասիրել  խողովակները, բնակիչներին տեղեկացրել, որ դրանք վերանորոգման ենթակա չեն, իսկ  ամբողջությամբ փոխելու պարտավորություն իրենք չունեն, դա պետք է իրականացվի համատիրության կողմից։

«Եկել են, 10 րոպեով ջուրը միացրել են, այդ ընթացքում անգամ չեմ հասցրել ջուր հավաքել։ 10 րոպեով միացրել են, անջատել, ասել՝ սա մեր աշխատանքի մեջ չի մտնում, մենք չենք կարող խողովակները փոխել, ամբողջը փտած է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Զառա Մովսիսյանը՝ նշելով, որ անորոշության մեջ են, չգիտեն, թե խնդիրը երբ կլուծվի․ «Խանութներից ենք ջուր գնում կամ ներքևի տներից ենք բերում։ Տանը մեծահասակ ունենք, անկողնային հիվանդ կա, չգիտենք՝ ինչ անենք։ Էսօր 3-րդ գիշերն է՝ մենք ջուր չունենք»։

Համատիրության կառավարիչ Սարգիս Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ  վերանորոգման աշխատանքները կսկսեն վաղվանից, յուրաքանչյուր շքամուտքում դրանք կտևեն մեկ օր:

B6215174-0E0C-4E12-A8E5-4510C694BACB.jpg (74 KB)

CFBEA54C-3813-49BF-B581-3BE96BB8B4EB.jpg (26 KB)

F3EBD371-4F09-43A6-933B-EDCE36D8BA3D.jpg (40 KB)