Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, այցելել է Շիրակի մարզ եւ ծանոթացել կատարված ճանապարհաշինական աշխատանքներին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն ավարտվել է Աշոցքի տարածաշրջանի Ձորի ենթաշրջանի 6` Սալուտ, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն համայքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վերակառուցվել է 20 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհահատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 234 մլն դրամ:

Բնակլիմայական խոնավ պայմաններ ունեցող տարածաշրջանի համար նման տեխնոլոգիայիով կառուցած ճանապարհն ավելի նպատակահարմար է համարվում:

Ա. Գեւորգյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքները` նշելով ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը համայքների զարգացման համար: Նա հույս է հայտնել, որ նոր ճանապարհը նկատելիորեն կթեթեւացնի նշված համայնքների բնակիչների հոգսերը: