ԱՄՆ-ն պայթեցրել է «Հյուսիսային հոսքերը»-ը և Ուկրաինան վերածել ռազմակենսաբանական փորձարկումների փորձադաշտի, նրան պատրաստում էին Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ТАСС-ը։
Նա պատահական չի համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնությունը «իմաստուն ներդրում է, որն օգուտ կբերի ամերիկյան անվտանգությանը սերունդների համար»: Պատրուշևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ հրահրել և շարունակում է սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Նրանք ճիշտ նույն կերպ են վարվում Ուկրաինայում, որտեղ պետական հեղաշրջում հրահրեցին, նպաստում էին նեոնացիստական գաղափարախոսության սերմանմանը, Ուկրաինան դարձրին ռազմակենսաբանական փորձարկումների փորձադաշտ, աչք էին փակում Դոնբասում խաղաղ բնակիչների սպանությունների վրա և ռազմական գործողությունների էին պատրաստում մեր երկրի դեմ։ Այս պայմաններում Ռուսաստանը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Դոնբասի բնակչությանը եւ թույլ չտվեց, որ ագրեսիվ ծրագրեր իրականացվեն»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ինչպես նշել է Պատրուշևը, ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներն արդեն բացահայտ ասում են, որ Ռուսաստանը խանգարել է իրենց մոտենալ ռուսական սահմաններին, իսկ Արևմուտքի համար ուկրաինացիները Ռուսաստանին զսպելու գործիք են։
«Բացի այդ, ԱՄՆ-ն, օգտագործելով ուկրաինական ճգնաժամը, հասավ Եվրոպայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների խզման և տնտեսական մրցակիցների վերացմանը։ Նրանք իրենց տնտեսական խնդիրները լուծում են այլ երկրների հաշվին։ Եվ որպեսզի Եվրոպան չկարողանա գազ ստանալ Ռուսաստանից, նրանք պայթեցրին «Հյուսիսային հոսքը»,- թվարկեց նա Վաշինգտոնի քայլերը։





























