Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի մետրոյի կայարանում ծանր վիրավորել է մի կնոջ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Ոստիկանություն զանգահարած ուղևորների խոսքով՝ փարանջայով մի կին սպառնացել է պայթեցնել իրեն գնացքի վագոնում։

Իրավապահները զենք են օգտագործել, քանի որ նա հրաժարվել է կատարել գետնին նստելու և ձեռքերը ցույց տալու՝ նրանց հրամանը։ Փոխարենը կինը քայլել է դեպի ոստիկանները, որոնք ստիպված են եղել մի քանի կրակոց արձակել։

Փարանջա հագած կինը մի շարք բավական սպառնալից հայտարարություններ է արել՝ խոսելով ահաբերկչության մասին, օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպես «Դուք բոլորդ կմեռնեք», «Ալլահ աքբար», «Բում»,- ասել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Նունյես Լորանը։ 

Կինը ծանր վիճակում՝ ստամոքսի վնասվածքով, տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վրա ոչ մի պայթուցիկ կամ զենք չի հայտնաբերվել։