Գերմանիան հաջորդ տարի կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

Bild-ի տվյալներով՝ այժմ չորս միլիարդ եվրոյի փոխարեն կհատկացվի ութ միլիարդ եվրո։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս շաբաթ։ Հաջորդ շաբաթ բյուջետային կոմիտեն պաշտոնապես կհաստատի Ուկրաինային ռազմական օգնության չափը չորս միլիարդ եվրոյով ավելացնելու մասին:

Ի սկզբանե Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները 2024 թվականի դաշնային բյուջեով Ուկրաինային ռազմական օգնության համար կանխատեսել էր ընդամենը չորս միլիարդ եվրո։ Սակայն այդ միջոցների գրեթե ամբողջ մասը հատկացվել է նախկինում խոստացված ծրագրերին։ ՊՆ-ին նոր օգնության համար մնացել է ընդամենը 120 մլն եվրո։

Իր հերթին, պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բյուջեի շուրջ բանակցությունների ընթացքում լրացուցիչ հինգ միլիարդ եվրո է պահանջել։

Բացի այդ, պաշտպանության նախարարությանը կթույլատրվի երկու միլիարդ եվրո հատկացնել սպառազինությունների երկարաժամկետ պայմանագրերի համար։

Գերմանիան դարձել է Ուկրաինային աջակցող երկրներից մեկը՝ տրամադրելով ռազմական, քաղաքական և ֆինանսական օգնություն։ Բեռլինը մատակարարում է տարբեր տեսակի հրետանի, Leopard տանկեր ինչպես հին, այնպես էլ նոր մոդիֆիկացիաների, IRIS-T և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք, մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի զենքեր։

Ավելի վաղ, Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ուկրաինային 200 մլն եվրո է հատկացնելու, և այդ միջոցները կուղղվեն երկրի վերականգնմանը։

Վերջերս Գերմանիան Ուկրաինային տրամադրեց ռազմական օգնության նոր փաթեթ՝ ներառյալ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի բաղադրիչները, զրահատեխնիկան և տարբեր անօդաչու թռչող սարքեր: