Եվրամիությունը (ԵՄ) դատապարտել է կիրակի օրը Սուդանի Դարֆուր տարածաշրջանում բռնության սրումը, նախազգուշացնելով 2003-2008 թվականներից հետո «ևս մեկ ցեղասպանության» վտանգի մասին, երբ հակամարտության պատճառով այնտեղ մոտ 300․000 մարդզոհվեց, ավելի քան 2 միլիոնը տարհանվեցին, հաղորդում է Reuters-ը:
Սուդանի կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) միջև ապրիլից սկսված պատերազմը ապակայունացրել է արևմտյան տարածաշրջանը և բոցավառել այնտեղ վաղուց բոցկլտացող թշնամանքը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարության մեջ վկայակոչել է ականատեսների հաղորդումներն այն մասին, որ մասալիթ համայնքի ավելի քան 1000 անդամ է սպանվել Արևմտյան Դարֆուրի Արդամտա քաղաքում, ընդամենը երկու օրվա ընթացքում ԱԱՈՒ-ի և նրա կողմնակից աշխարհազորայինների հարձակումների ընթացքում:
«Այս վերջին վայրագությունները, ըստ երևույթին, մաս են կազմում ԱԱՈՒ-ի կողմից էթնիկ զտումների ավելի լայն արշավի՝ Արևմտյան Դարֆուրում ոչ արաբական մասալիթ համայնքը ոչնչացնելու համար և նախորդում են հունիսին տեղի ունեցած լայնածավալ բռնությունների առաջին ալիքին», - ասել է Բորելը:
«Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է Դարֆուրում և թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա տարածաշրջանում», - հավելել է նա:
Հինգշաբթի օրը Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտնել է, որ մոտ 700 մարդ է զոհվել Արևմտյան Դարֆուրում նոյեմբերի 4-ին և 5-ին Էլ-Գենեյնայում սուդանական բանակի և ԱԱՈՒ-ի միջև բախումների հետևանքով:





























