Տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի օրը ողջ Իսպանիայում բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ  վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի՝ կատալոնացի անջատողականներին համաներում շնորհելու ծրագրի՝ իշխանության ևս մեկ ժամկետի աջակցության դիմաց, հայտնում է Reuters-ը:

Կառավարությունը հինգշաբթի պայմանագիր է կնքել կատալոնական անջատողական «Խունտա» կուսակցության հետ, որը ներառում է վիճահարույց համաներման օրենքը նրանց համար, որոնք դատապարտվել են 2017 թվականին Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատվելու փորձի համար:

Գործարքը ցնցող ալիք է առաջացրել ամբողջ երկրում, որտեղ Սանչեսի պահպանողական հակառակորդները մեղադրում էին նրան՝ հանուն իր քաղաքական շահի օրենքի գերակայությունը խախտելու մեջ:

Իշխանությունները հայտնել են, որ Մադրիդում ցույցին մասնակցել է 80․000 մարդ, մինչդեռ Ժողովրդական կուսակցությունը, որը կոչ էր արել բողոքի ցույցեր անցկացնել Իսպանիայի քաղաքներում, ասել է, որ ընդհանուր թիվը մոտ մեկ միլիոն է:

Շատերի ձեռքին եղել են Իսպանիայի և ԵՄ դրոշներ և պաստառներ՝ «Հարգեք Սահմանադրությունը» կարգախոսներով:

Տեղական ոստիկանության տվյալներով՝ Բարսելոնայում ցույցի է դուրս եկել 6000 մարդ, մինչդեռ իշխանությունները նշում են, որ ցուցարարների թիվը հասել է 30000-ի Գրանադայում և 50000-ի Սևիլիայում։ Բողոքի  ցույցեր են տեղի ունեցել նաև այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մալագան, Պալման և Վալենսիան:

Հուլիսի 23-ի անարդյունավետ ընտրություններից հետո սոցիալիստները շաբաթներ անցկացրեցին ավելի փոքր կուսակցությունների հետ բանակցելով, այդ թվում՝ ծայրահեղ ձախակողմյան «Սումար» պլատֆորմի և կատալոնական, գալիցիայի և բասկերի ազգայնական կուսակցությունների հետ:

Անցյալ շաբաթ ձեռքբերված Խունտայի, ինչպես նաև Բասկերի ազգայնական կուսակցության աջակցությունը Սանչեսին կտա բացարձակ մեծամասնություն 350 անդամից բաղկացած ստորին պալատում առաջիկա օրերին կայանալիք քվեարկության ժամանակ: