Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, Շահսուվարյան փողոցի 6 շենքից բերման են ենթարկել 32-ամյա Վահագն Խաչատրյանին: Նա այս տարվա օգոստոսի 26-ից Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի` սպանության փորձ, 1-ին մասի, 258 հոդվածի` խուլիգանություն, 4-րդ մասի եւ 235 հոդվածի` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 1-ին մասի մեղադրանքով: Վահագն Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 11.50-ին, կամավոր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է ներկայացել 70-ամյա Վազգեն Ավետիսյանը, որը 1997 թ. փետրվարի 14-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 1-ին մասի մեղադրանքով: Վազգեն Ավետիսյանը կալանավորվել է:


























