Մեղրիի սահմանային անցակետում, այսօր` հոկտեմբերի 25-ին, ստուգման ժամանակ, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ օրը, ժամը 01.00-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Մեղրիի բաժնի ծառայողները, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության ու «Ագարակ» հսկիչ անցագրային կետի ՌԴ սահմանային զորքերի զինծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկել «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան, որի խցիկի նստելաատեղի հետեւի մասից հայտնաբերվել եւ առգրավվել է «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող` յուրահատուկ հոտով չոր կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


























