2024 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է աննախադեպ մեծ չափի պահուստային ֆոնդ՝ 94 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ մենք մեզ համար ապահովելու ենք անվտանգության բարձիկ, որը մեզ կպաշտպանի անկանխատեսելի իրավիճակներից եւ թույլ կտա արագ լուծել խնդիրները:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ տարբեր գերատեսչությունների ոլորտային ռազմավարությունների եւ բյուջեների միջեւ կապի խզմանը, կարեւորել համակցված աշխատանքը, խոսել հարկային վարչարարության օրենսդրության բարելավման մասին: «Հարկեր հավաքելը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ պետության առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Հարկային մարմինը, թեպետ, ամեն տարի իր առջեւ ավելի բարձր նշաձող է դնում եւ փորձում է դա ապահովել ու ապահովում է, բայց սա պետք է լինի բալանսավորված, որ մենք հարկային տեռորի տպավորություն չթողնենք»,- փաստել է Բաբկեն Թունյանը:

Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել փաստաթղթին՝ նշելով որ բյուջեն ստեղծում է հիմք երկարաժամկետ, կայուն աճը շարունակելու համար: