Պետական գերատեսչությունների կողմից համապատասխան աշխատանք տարվում է, վառելիքի գների նկատմամբ հսկողությունն իրականացվում է։ Նոյեմբերի 15-ին կառավարության ժամին այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե ինչով է պայմանավորված ավտոմեքենաների վառելիքի սրընթաց թանկացումը։

Ըստ նրա, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ, իբր, Հայաստանում ավտոմոբիլային վառելիքի քանակի հետ կապված խնդիրներ կան։

«Ուզում եմ ասել, որ հիմա նման խնդիրներ չկան, դրանք կարգավորված են։ Որոշված ​​քվոտաները համաձայնեցվել են գործընկերների հետ։ Անհրաժեշտ  քանակը նույնպես համաձայնեցված է։ Փաստաթղթերը ստորագրված են,  գործընկերները մատակարարումներն իրականացնում են։ Մատակարարման հարցում կան բազմաթիվ շղթաներ, տարբեր լոգիստիկ, տրանսպորտային խնդիրներ, որոնք երբեմն հանգեցնում են վառելիքի գների տատանումների»,- նշել է Սանոսյանը։

Նախարարը խոստովանել է, որ այլ տեղեկություններ չունի։

Պատգամավորն իր հերթին նշել է, որ դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի թանկացման պատճառների մասին իր հարցին պատասխան չտրվեց, և իր մտահոգությունները չեն փարատվել։

Նա նախարարին մեղադրել է նրանում, որ վերջինս չի տիրապետում մի քանի ամսվա իրավիճակին։

«Թանկացումները նկատվում են արդեն մի քանի ամիս, և դուք պարտավոր եք պատասխանել առկա խնդիրների մասին հարցերին։ Մարդիկ երկու անգամ ավելի են վճարում, ինչը լուրջ ֆինանսական խնդիրներ է առաջացնում»,- հավելել է Դանիելյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գները կիսով չափ ցածր են, քան Հայաստանում, բացի այդ, համաշխարհային շուկաներում նավթի գները նվազում են։ Պատգամավորը մատնանշել է մեր երկրում ավտոմեքենաների վառելիքի թանկացման օբյեկտիվ գործոնների բացակայությունը։

Պատգամավորը նաև ասել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում լիցքավորվող վառելիքի որակի վերաբերյալ։