Եվրասիական տնտեսական միության մինչև 2030 և 2045 թվականների զարգացման մասին հռչակագրի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևը նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ «Ինտեգրացիա» ֆորումում, ԲԵԼՏԱ-ին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։

«Ներկայումս հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ միասին ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման  հռչակագրի նախագծի վրա։ Զեկույց է պատրաստվում նաև ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ, որն ընդգրկում է ասոցիացիայի գոյության ողջ ժամանակահատվածը։ Երկու փաստաթղթերն էլ նախատեսվում է պետությունների ղեկավարներին ներկայացնել դեկտեմբերին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում,  Ղրղզստանն ու Հայաստանը նույնպես ունեն զգալի ցուցանիշներ։ Ղազախստանում և Ռուսաստանում արդյունքները համեմատաբար ավելի ցածր են, բայց բացարձակ արտահայտությամբ՝ ոչ պակաս։ Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրացիան ապահովում է տնտեսական ակտիվության շատ բարձր աճ, ընդ որում աճի հնարավորությունները հսկայական են»,- համաժողովում ասել է Սերգեյ Գլազևը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը 60%-ից մի փոքր ավելի է, ինչը հնարավորություններ է բացում արտադրության ծավալների ավելացման համար։ Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ունի ներմուծման փոխարինման հսկայական ներուժ։