Հայաստանի շուրջ այժմ նկատվում են շատ վտանգավոր գործընթացներ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է այն ճակատագիրը, որը բաժին հասավ Արցախին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 16-ին ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով՝ Պրահայում 2022թ. հոկտեմբերին տեղի ունեցածը, որը հանգեցրեց Արցախի կորստին, տեղի ունեցավ նաեւ Գրանադայում այս տարվա հոկտեմբերին։
«Խաղաղության խաչմերուկի» մասին կեղծ թեզը ենթադրում է ահավոր սցենար մեր երկրի համար։ Բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է դառնան համախմբումն ու իշխանափոխության իրականացումը։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ, չնայած Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները։ Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը իջել է՝ հասնելով վտանգավոր նիշի։ Այս ամենը Հայաստանի իշխանություններն անում են միտումնավոր։ Մենք որեւէ կենտրոնից անվտանգության երաշխիքներ չենք ստանում, մենք զրկված ենք դաշնակիցներից։ Հայաստանը հայտնվում է խաչմերուկում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական շահերը, Հայաստանը դառնում է կռվախնձոր։
Մեր առջեւ քաղաքացիներին բացատրելու խնդիրն է, որ մենք կանգնած ենք գոյության սպառնալիքի առջեւ։ Եթե այսուհետ այսպես շարունակվի, ապա Հայաստանի Հանրապետության գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել»,- ընդգծել է Թեւանյանը։
Նա բացատրել է, որ «Մայր Հայաստան» դաշինքը ներդնում է նոր քաղաքական մշակույթ այն իմաստով, որ նախընտրական քարոզարշավում, ընտրությունների օրը նախընտրական շտաբ չկար, բայց դրանք կհայտնվեն հետընտրական շրջանում։
«Դա կստեղծի քաղաքացիների հետ ուղիղ շփվելու հնարավորություն։ Նման առաջին շտաբը բացվել է Շենգավիթում։ Նախատեսվում է նման շտաբներ բացել ոչ միայն Երեւանի այլ շրջաններում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում։
Եթե մենք ստանայինք 50 տոկոս+1 ձայն, ապա իշխանափոխության կարելի էր հասնել ավելի հեշտ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնն օգտագործելով։ Բայց մենք իրականացրինք նվազագույն ծրագիրը, մենք հանդես եկանք շատ ավելի կարեւոր օրակարգով, քան իշխանությունները։ Մենք թույլ չտվեցինք իշխանություններին հավաքել 50 տոկոս+1։ Իշխանությունը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ այդ խնդիրներն էլի են լինելու։
«Մայր Հայաստան» շարժման նպատակները չեն փոխվել, իմ հրաժարվելը ավագանու մանդատից կապված է այն բանի հետ, որպեսզի ուշադրությունը սեւեռվի համապետական խնդիրների վրա, այդ թվում լիակատար իշխանափոխության խնդրի վրա»,- նշել է քաղաքական գործիչը։




























