ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Սամվել Մկրտչյանն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ձևաչափի կենսունակության հարցում: Ընդգծվել է նոր իրողությունների պայմաններում ձևաչափի շրջանակներում համագործակցության բովանդակությունը հարստացնելու, ձեռքբերումները պահպանելու և մասնակից երկրների դիմադրողականությունն ամրապնդելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձ է կատարել ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի՝ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել։ 

Այս համատեքստում Սամվել Մկրտչյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու և այնտեղի հայ բնակչությանը բռնի ուժով տեղահանելու փաստը: