ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունից տուժած երկու քաղաքացիներին դուրս բերելուն օգնել է նույն ֆակուլտետի պարետ Էռնեստ Թովմասյանը։

Լրագրողների հետ զրույցում Թովմասյանը պատմեց, որ ցավոք սրտի, կարողացել են միայն երկուսին օգնել. «Ձայներ լսեցի, դուրս եկա, ծուխ էր, բան չէր երևում, հասցրինք երկու մարդու օգնել, արդեն խեղդվում էինք, ստիպված դուրս եկանք՝ չկարողանալով երրորդին էլ օգնել»։

Նրա խոսքով, ուսանողները մուտք չեն ունեցել նկուղային հարկ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Թովմասյանը պատմեց նաեւ, որ ճանաչում է մահացած տղամարդուն։ Նա 60-ից 65 տարեկան տղամարդ էր, կանաչապատման աշխատակից։ Մյուս երկու վիրավորները  նույն բաժնի աշխատակիցներ են։ Երրորդ վիրավորը եղել է պարեկային ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09.37-ին, Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, որի հետևանքով կան տուժածներ։ Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում։ Եվս 3 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ նախարարությունը հայտարարեց, որ սենյակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը,  նախատեսված է պոմպակայանի համար, ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալի, հրդեհ չի եղել: