66-ամյա ֆրանսիացի սենատոր Ջոել Գերյոյի հանդեպ պաշտոնական հետաքննություն է վարվում, նրան կասկածում են այն բանում, որ թմրանյութ է խմեցրել խորհրդարանի անդամին՝ նպատակ ունենալով սեռական բռնություն գործադրել նրա դեմ, տեղեկացրել են սենատորի փաստաբանն ու Փարիզի դատախազությունը, հայտնել է Reuters-ը։
Գերյոն հետաքննվում է խորհրդարանի 48-ամյա անդամ Սանդրին Ժոսոյին «այնպիսի նյութ խմեցնելու մեջ, որը կարող է փոխել նրա ընկալումը կամ իր գործողությունների վերահսկումը, նպատակը բռնաբարության կամ սեռական բռնության գործադրումն էր։ Նա հետաքննվում է նաեւ որպես թմրանյութ որակվող նյութեր պահելու եւ օգտագործելու մեջ», տեղեկացրել է Գերյոյի փաստաբան Ռեմի Պիեռ Դրայը։
Ժոսոյի փաստաբան Ջուլյա Մինկովսկին ֆրանսիական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ խորհրդարանի անդամը («Մոդեմ» կառավարող կոալիցիոն կուսակցությունից) իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ մի բաժակ շամպայն է խմել Գերյոյի բնակարանում եւ տեսել է, թե ինչպես է տղամարդը ձեռքում պահում ոչ մեծ պլաստիկե փաթեթ սպիտակ նյութով, ինչից էլ նա ենթադրել է, որ ըմպելիքի մեջ ինչ-որ բան են խառնել։
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է Ժոսոն գտնվել սենատորի բնակարանում ենթադրյալ միջադեպի ժամանակ։
Փարիզի դատախազը ուրբաթ երեկոյան հաստատել է, որ հետաքննությունն սկսվել է՝ ավելացնելով, որ Գերյոն դատական վերահսկողության տակ է, եւ նրան թույլ չի տրվում շփվել Ժոսոյի կամ վկաների հետ։





























