Բազմաթիվ լրատվական աղբյուրներ հաստատել են Եմենի ռազմածովային ուժերի կողմից Կարմիր ծովում իսրայելական նավի կալանումը:
Al Arabiya-ն հաղորդում է, որ նավը, որը նույնականացվել է որպես «Galaxy Leader» և կապված է Իսրայելի ռեժիմի հետ, կալանվել է Եմենի «Անսարուլահ» շարժման կողմից, նավում եղել է 22 ուղևոր:
Իր հերթին Al Mayadeen լրատվական ցանցը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է իսրայելական նավի կալանման մասին, որում 52 ուղևոր է եղել։
Եմենի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը՝ ասելով, որ Եմենի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում հաջողությամբ կալանել են իսրայելական նավը։
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Յահյա Սարին կիրակի օրը հայտարարել է, որ թիրախ են դառնալու իսրայելական ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող բոլոր նավերը, որոնք կրում են Իսրայելի դրոշը:
«Կրոնական, ազգային և բարոյական պատասխանատվությունից ելնելով և Գազայում իսրայելա-ամերիկյան նողկալի ագրեսիայի և ամենօրյա ջարդերի ու ցեղասպանության լույսի ներքո, և ի պատասխան Եմենի ժողովրդի և ազատ ազգերի պահանջներին՝ օգնելու Գազայում մեր ճնշված ժողովրդին, Եմենի զինված ուժերը հայտարարում են, որ մտադիր են թիրախավորել հետևյալ նավերի բոլոր տեսակները. Նավեր, որոնք նավարկում են իսրայելական դրոշի ներքո, նավեր, որոնք շահագործվում են իսրայելական ընկերությունների կողմից և նավեր, որոնք պատկանում են իսրայելական ընկերություններին»,- հայտարարել է Եմենի ԶՈՒ-ն։
Եմենի Զինված ուժերը նաև կոչ են արել աշխարհի բոլոր երկրներին հետ կանչել այդ նավերի անձնակազմերում աշխատող իրենց քաղաքացիներին, խուսափել այդ նավերի վրա լինելուց կամ դրանց հետ կապ ունենալուց, ինչպես նաև տեղեկացնել իրենց նավերին, որ հեռու մնան դրանցից:
Եմենի ռազմածովային ուժերի աղբյուրը հաստատել է, որ իրենք կարող են հարվածել իսրայելական նավերին ոչ միայն Կարմիր ծովում, այլև «անսպասելի վայրերում», հայտնում է Tasnim-ը։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հերքել է, որ Կարմիր ծովում գրավված նավը իսրայելական է։
Եմենի հուսիները Կարմիր ծովի հարավում գրավել են բեռնատար նավ, որը Թուրքիայից Հնդկաստան էր գնում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի զեկույցում:
Իսրայելցի զինվորականները հավելել են, որ նավը չի պատկանում Իսրայելին, և նրա անձնակազմի մեջ իսրայելցիներ չկան։





























