Առնվազն 32 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահը, սպանվել են կիրակի օրվա ծանր մարտերի ընթացքում վիճելի Աբյեյի վարչական շրջանում, որին հավակնում են  և՛ Սուդանը, և՛ Հարավային Սուդանը, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքացիական անձինք և խաղաղապահ ուժերում ծառայող գանացի զինվորը զոհվել են, երբ անհայտ զինված անձինք հարձակվել են հարավային Աբյեյի երկու գյուղերի վրա:

Հարավային Սուդանի Eye Radio Juba-ն, վկայակոչելով Աբյեյի տեղեկատվության նախարար Բոլիս Կուոչին, հաղորդում է, որ զոհվել է 32 մարդ, ևս 20-ը վիրավորվել են, «սակայն այժմ բախումները դադարեցվել են, և իրավիճակը հանդարտվել է»։

Միջհամայնքային և միջսահմանային բախումները սրվել են այն բանից հետո, երբ Հարավային Սուդանը մարտին զորքեր մտցրեց վիճելի տարածք:

Միջազգային զորքերը տեղակայվել են Ալիլ և Ռամ Ամիր շրջաններում՝ որպես Աբյեյի համար ՄԱԿ-ի ժամանակավոր անվտանգության ուժերի մաս՝ օգնելու զսպել աճող հակամարտությունը:

Անվտանգության խորհուրդն անցած շաբաթ միաձայն քվեարկեց UNIFSA առաքելության մանդատը մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին:

ՄԱԿ-ի տվյալներով, ապրիլի կեսերից բռնկված հակամարտության սկզբից ավելի քան 9000 մարդ է սպանվել, ինչը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց վերաբնակեցմանը  Սուդանի ներսում  և հարևան երկրներում:

Սուդանը և Հարավային Սուդանը տարաձայնություններ ունեն նավթով հարուստ Աբյեյի շրջանի վերահսկողության հարցում այն ​​բանից հետո, երբ Հարավային Սուդանը անկախացավ  Սուդանից 2005 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, որը վերջ դրեց  Սուդանի հյուսիսի և հարավի միջև տասնամյակների քաղաքացիական պատերազմին: