Վրաստանը, եթե հարկ լինի, պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը: Այս մասին Բաքվում այսօր` հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
«Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է, այն հնարավոր չէ մասնատել: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է գիտակցեն, որ մենք հավասար դիրքերում ենք եւ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը անքակտելի են: Եւ եթե երբեւէ Վրաստանի միջնորդությունը պահանջվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մենք պատրաստ ենք», - ասել է Վաշաձեն, ում խոսքերը մեջբերել է ադրբեջանական Trend գործակալությունը:




























