Թուրքիայի ոստիկանությունը ողջ երկրի մասշտաբով խոշոր գործողության ընթացքում բռնել է փախուստի դիմած ավելի քան հազար հանցագործների, այդ թվում մարդասպանների եւ ահաբեկիչների։ Ինչպես տեղեկացրել է ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան, ձերբակալվածների մի մասին սպառնում է 20 եւ ավելի տարվա բանտարկություն։

«Մենք թույլ չենք տա փախուստի դիմած հանցագործներին թափառել մեր փողոցներում։ Երկրի 81 նահանգներում միաժամանակ տեղի ունեցած գործողությունների արդյունքում մեր 24,4 հազար աշխատակիցներ բռնել են 1 034 հանցագործի, այդ թվում անձանց, որոնց սպառնում է ավելի քան 20 տարվա բանտարկություն»,- գրել է նախարարը Х սոցցանցում։

Գործողություններն իրականացվել են երկրի ամբողջ տարածքում։ Ոստիկանության, ժանդարմերիայի աշխատակիցները եւ հատուկ նշանակության ջոկատները, ինչպես նաեւ զինվորականները շուրջկալներ են կատարել 4,3 հազար վայրերում, որտեղ փնտրվել են հանցագործները, խուզարկվել են 4,1 հազար տներ եւ բնակարաններ։

13 փախստական հանցագործներ որոնվում էին սպանության, 9 մարդ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։ 342 մարդ անցնում է գողությունների գործերով, 239 որոնվող՝ ավազակության եւ հարձակումների համար, որոնց հետեւանքով վնաս է հասցվել տուժողների առողջությանը։ Բռնվածերի ցուցակում են 90 անձինք, որոնք կապված են թմրանյութերի վաճառքի հետ, ինչպես նաեւ 140 խարդախներ։