Ադրբեջանը կօգտագործի ՄԱԿ-ի ամբիոնը` ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, որպեսզի նրանց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում փոխի հօգուտ իրենց: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալուն:
Նա նշեց, որ Ադրբեջանը շատ լավ աշխատեց ՄԱԿ-ի կուլիսներում`օգտագործելով մի շարք գործոններ, իսկ վերջին պահին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, տեսնելով, որ Ադրբեջանը հասնում է իր նպատակին, պարզապես չցանկացան խանգարել նրան վատամարդ չդառնալու պատճառով: «Հայկական կողմը պետք է ակտիվ աշխատի այդ ուղղությամբ, քանի որ ներկայումս հայկական դիվանագիտությունը պաշտպանվողական քաղաքականություն է վարում, չունի ռազմավարություն, նպատակային քարտեզ, թե ինչ քայլերով պետք է չեզոքանցի Ադրբեջանի հարձակումները»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքով` ոչ մի կառույց չի ողջունում, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման ձևաչափը փոխվի:
Նշենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով՝ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից: Քվեարկության անցած փուլերի ընթացքում ՄԱԿ ԱԽ անդամ են ընտրվել նաեւ Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն: Արեւելյան Եվրոպայից ժամանակավոր անդամի տեղի համար բարդ պայքար էր ընթանում Ադրբեջանի եւ Սլովենիայի միջեւ: Երկրներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ երկու/երրորդը (128 ձայն) ԱԽ-ում ընդգրկվելու համար: Վերջին քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացել է 155 ձայն:




























