Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)ն հայտնել է Գազայում առողջապահության օբյեկտների վրա հարձակումների աննախադեպ թվի մասին։ Այս մասին տեղեկացվել է ԱՀԿ-ի X սոցցանցի էջում հրապարակված հայտարարությունում։
«Հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 28-ը գրանցվել է առողջապահության համակարգի օբյեկտների վրա հարձակումների աննախադեպ քանակություն։ Հիվանդանոցների, շտապօգնության մեքենաների եւ բժշկական բեռնատարների վրա կատարվել է 203 հարձակում, ձերբակալվել են բուժաշխատողներ։ Սա անընդունելի է»,- նշել են կազմակերպությունում։
ԱՀԿ-ում ընդգծել են, որ իրավիճակը Գազայի հատվածում մնում է «աղետալի»։ Օրինակ բերելով «Նասեր» հիվանդանոցը Խան Յունիսում՝ ԱՀԿ-ում տեղեկացրել են այն մասին, որ տարածաշրջանի հոսպիտալները «լիքն են պացիենտներով եւ փախստականներով»։
ԱՀԿ-ում նաեւ տեղեկացրել են, որ ներկա պահին հիվանդանոցների մահճակալների ծանրաբեռնվածությունը կազմում է 171 տոկոս, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում՝ 221 տոկոս։ «Նասեր»-ում 350 մահճակալի համար հազար պացիենտ եւ հազար փախստական կա, իսկ Գազայի Եվրոպական հիվանդանոցում 370 մահճակալի համար՝ 1 000 պացիենտ եւ մոտ 70 հազար տեղահանված քաղաքացի։





























