Իսլամաֆոբիան և այլատյացությունը, որոնք թունավոր բաղեղի պես գրավել են արևմտյան հասարակությունները, մարդու իրավունքների հիմնական սպառնալիքներից են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդու իրավունքների համաշխարհային օրվան նվիրված «Մարդկության դեմքը» հաղորդման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համաշխարհային օրն է, աշխարհի շատ երկրներում մարդու իրավունքները ոտնահարվում են։

«Ամենից շատ այլատյացության դրսևորումից, ռասիստական, խտրական և ֆաշիստական ​​գործելակերպից անկասկած տառապում են մահմեդական հատվածները, որոնք կազմում են միգրանտների մեծամասնությունը»,- նշել է Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ մուսուլմանների ու միգրանտների դեմ սադրանքների աճ է նկատվում աշխարհի շատ երկրներում՝ Կանադայից մինչև ԱՄՆ, Եվրոպայից մինչև ասիական երկրներ։

«Արևմտյան երկրները մտքի ազատության պատրվակով օրինականացրել, հավանություն են տվել և խրախուսել հակաիսլամական և հակամահմեդական գործողությունները», - նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ասել է, որ այսօր Գազայի հատվածը և պաղեստինյան օկուպացված տարածքները այն վայրն են, որտեղ կոպտորեն խախտվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

«Իսրայելի իշխանությունները, վայելելով Արևմուտքի անսահմանափակ աջակցությունը, դաժան վայրագություններ և ջարդեր են իրականացնում Գազայում, որոնք կստիպեն «կարմրել» ողջ մարդկությանը»,- ասել է Էրդողանը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը կարծում է, որ իրականում հնարավոր է արդար խաղաղություն, բայց ոչ ԱՄՆ-ի հետ, «քանի որ Ամերիկան ​​Իսրայելի կողմն է», - ասաց նա։