Ամերիկայի նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, կարճ հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի դիմաց մամուլի համար, սակայն հրաժարվել է ներկայանալ օրենսդիր մարմնի լսումներին, որտեղ նրան կանչել են պետության ղեկավարի իմփիչմենթի գործով ցուցմունք տալու։ Նրա հայտարարությունը հեռարձակել են ամերիկյան հեռուստատեսային լրատվական ընկերությունները։
Կապիտոլիումի մուտքի մոտ պետության ղեկավարի որդին պնդել է, որ հանրապետականները «անօրինական հետաքննություն են անցկացնում իր և նրա ընտանիքի անդամների դեմ, հիմնվելով խարդախության, ապացույցների շահարկման և ստի վրա»։ «Հանրապետականները նորից ու նորից ստել են իմ անձնական և մասնագիտական կյանքի բոլոր ասպեկտների մասին»,- ասել է նա։- «Այնքան հաճախ, որ չափազանց շատ մարդիկ հավատում էին այդ ստերին»:
Չնայած հանրապետականների նախազգուշացումներին, որ նա կարող է մեղավոր ճանաչվել Կոնգրեսի հանդեպ արհամարհանքի համար, Հանթեր Բայդենն ընդգծել է, որ ինքը ցուցմունք կտա միայն բաց լսումների ժամանակ, այլ ոչ թե փակ դռների հետևում, ինչպես պահանջել են օրենսդիրները: Նա հերքել է, որ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը որևէ առնչություն ունի ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդում իր աշխատանքի, չինացի գործարար գործընկերների և այլ ներդրումային նախագծերի հետ։ «Իմ հայրը ֆինանսապես ներգրավված չէր իմ բիզնեսում, ոչ այն ժամանակ, երբ ես գործող իրավաբան էի, ոչ Burisma-ի խորհրդում, ոչ իմ գործընկերության մեջ չինացի մասնավոր ձեռնարկատիրոջ հետ, ոչ իմ ներդրումներով տանը կամ արտերկրում», - ասել է Հանթեր Բայդենը:
Նա մեղադրել է հանրապետականներին վեց տարի շարունակ իր վրա հարձակվելու մեջ՝ իր հոր քաղաքական վարկանիշին վնասելու համար։ «Նրանք ծաղրում էին կախվածության դեմ իմ պայքարը։ Նրանք ինձ նվաստացրել են իմ ապաքինման ժամանակ և փորձել են ապամարդկայնացնել, որպեսզի խայտառակեն հորս, որն իր ողջ կյանքը նվիրել է հասարակությանը ծառայելուն»,- ասել է նախագահի որդին։ Նա խոստովանել է, որ թմրամոլության դեմ պայքարի ընթացքում «չափազանց անպատասխանատու» է եղել իր եկամուտների հարցում։ Միաժամանակ Հանթեր Բայդենը հավելել է, որ անհեթեթ է սա համարել պետության ներկայիս ղեկավարի իմփիչմենթի հիմք։ «Սա անամոթություն է», - ավելացրել է Հանթեր Բայդենը՝ հրաժարվելով պատասխանել մամուլի հարցերին։ «Ոչ մի ապացույց չկա, որը կհաստատի այն պնդումը, որ հայրս ներգրավված է եղել իմ բիզնեսում, քանի որ դա չի եղել»:





























