Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) առնվազն 10 ինքնաթիռ այսօր առավոտյան մտել է Թայվանի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Այս մասին ասվում է Թայվանի պաշտպանության գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Այսօր՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ից հայտնաբերվել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ինքնաթիռներ, այդ թվում՝ J-10 և J-16 կործանիչներ, Y-8 ինքնաթիռ, H-6 ռազմավարական ռմբակոծիչ, KJ-500 վաղ նախազգուշացման ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Դրանցից 10 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի կղզու կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում՝ չինական նավերի հետ համատեղ մարտական պարեկություն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և ցամաքային զենիթահրթիռային համակարգեր՝ թիրախները վերահսկելու համար:
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։





























