Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (կառավարության) յոթ նախարարներից հինգը, որոնք դեկտեմբերի 13-ին խորհրդարանի նիստում ընտրվել են չորս տարի ժամկետով, պահպանել են այն դեպարտամենտները (նախարարությունները), որոնք նրանք ղեկավարել են 2019-ից մինչև 2023 թվականը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ղեկավարները փոխվել են միայն արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտում, ներքին գործերի դաշնային դեպաևրտամենտում։ Նշվում է, որ կառավարությունը հունվարի 10-ի նիստում պաշտոնապես կհաստատի գերատեսչությունների բաշխումը:
Արդարադատությունն ու ոստիկանությունը, ինչպես ասվում է հաղորդագրությունում, 2024 թվականի սկզբից դաշնային մակարդակով կղեկավարի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բեաթ Յանսը։ Նա Դաշնային խորհրդի միակ նորեկն է, մյուս նախարարները նախկինում աշխատել են կառավարությունում։
Յանսի համախոհ Էլիզաբեթ Բաումե-Շնայդերը հունվարի 1-ից կանցնի ներքին գործերի դաշնային դեպարտամենտ, որը մինչև 2023 թվականի վերջը ղեկավարում է Ալեն Բերսեն, որն ավելի վաղ հայտարարել էր հունվարի 1-ից հրաժարական տալու մասին:
Դեկտեմբերի 13-ին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում Դաշնային խորհրդի յոթ նախարարներն ընտրվել են չորս տարի ժամկետով: Նրանց պորտֆելների վերաբաշխումը որևէ կերպ չի ազդի Շվեյցարիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա, քանի որ կառավարությունը բոլոր առանցքային որոշումները ընդունում է կոլեգիալ: Այն բաղկացած է երկրի չորս խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք քսաներորդ դարի 50-ականների վերջից մշտապես ձևավորել են կոալիցիոն կաբինետ՝ հիմնվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։





























