Շուրջ 100 հազար աշխատողներ մասնակցել են Ֆինլանդիայում արհմիությունների խոշորագույն գործադուլին՝ ի նշան կառավարության գործողությունների դեմ բողոքի, հայտնում է IltaSanomat թերթը՝ վկայակոչելով SAK կենտրոնական արհմիությունների ասոցիացիային։

«Արհմիությունների Կենտրոնական միավորման (SAK) գնահատականներով՝ միավորման մեջ մտնող շուրջ հազար օբյեկտներ և գրեթե 100 հազար աշխատողներ մասնակցել են գործադուլին», - ասվում է հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ մեկօրյա գործադուլի ընթացքում ամբողջությամբ դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Չեն չեղարկվել միայն գիշերային միջքաղաքային գնացքները։ Խոշոր քաղաքներում էլ հասարակական տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։ Բացի այդ, տրանսպորտային հաղորդակցությունը Հելսինկիի և մայրաքաղաքի օդանավակայանի միջև դժվարացել են։ Ձյունն էլ փողոցներից գրեթե չի մաքրվել։

Նշվում է նաև, որ փոստային ծառայությունը ծանրոցներ չի առաքել: Բացի այդ, գործադուլն ազդել է լոգիստիկ ընկերությունների, սննդի և տեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների, ինչպես նաև ջրամատակարարման վրա։ Խոշոր մանրածախ ցանցերը փորձել են նվազագույնի հասցնել հետևանքները սպառողների համար լոգիստիկ և բաշխիչ կենտրոնների աշխատանքի դադարեցման ֆոնին։

Ըստ աղբյուրի՝ գործադուլ է տեղի ունեցել նաև էներգետիկ ընկերությունների առանձին ձեռնարկություններում, ինչը, սակայն, չի ազդել կենտրոնացված ջերմամատակարարման բաշխման վրա։ Նշվում է նաև, որ խաթարվել է նավահանգիստների, տուրիստական գործակալությունների, հասարակական սննդի, սպորտի և մշակույթի ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը:

Լայնածավալ ակցիան կազմակերպել է Ֆինլանդիայի արհմիությունների կենտրոնական ասոցիացիան, որը ներառում է բազմաթիվ արհմիություններ տարբեր ոլորտներից։ SAK-ը Ֆինլանդիայի կառավարությանը Պետերի Օրպոյի ղեկավարությամբ կոչ է անում բանակցություններ սկսել կառավարության ծրագրի շուրջ, որը նոր նախարարների կաբինետը ներկայացրել է դեռ հունիսին: Օրպոյի նախարարների կաբինետը նախանշել է աշխատաշուկայի բարեփոխումների կետերը, ներառյալ կենսաթոշակային բարեփոխումները, հիվանդության արձակուրդի և գործազրկության վճարումները, ինչպես նաև ապահովագրավճարները, աշխատանքից ազատումների պարզեցումը, գործադուլների արգելքը և այլն: SAK-ը պնդում է, որ բարեփոխումները կվնասեն աշխատողներին, իսկ գործադուլի արգելքը խախտում է ժողովրդավարական սկզբունքները: