Ուկրաինային իր բյուջեից մակրոֆինանսական օգնության խնդրին ԵՄ-ն կվերադառնա փետրվարին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ, Օրբանը հայտնել էր, որ Հունգարիան արգելափակել է 2024-2027 թվականների համար Ուկրաինային հատկացվող 50 մլրդ մակրոֆինանսական օգնությունը։
«Ես ստիպված էի վետո դնել 50 միլիարդ եվրոյի վրա Ուկրաինայի և դրա հետ կապված բյուջեի փոփոխության համար... Մենք կվերադառնանք դրան, հավանաբար փետրվարին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի ժամանակ», - Kossuth ռադիոկայանի եթերում ասել է Օրբանը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն, իր հերթին, Բրյուսելի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է, որ ակնկալում է, որ ԵՄ առաջնորդները կկարողանան միաձայն հաստատել Ուկրաինային ֆինանսական օգնությունը 2024 թվականի սկզբին։
Ներկայումս Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գրեթե բոլոր որոշումները Հունգարիայի կողմից արգելափակված են, ներառյալ ռազմական օգնության ութերորդ մասնաբաժինը 500 միլիոն եվրոյի չափով, 5 միլիարդ եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ ռազմական աջակցության համար 2024 թ, չորս տարվա ընթացքում 20 միլիարդանոց ռազմական օգնության ավելի լայն փաթեթ, ինչպես նաեւ 2024-2027 թթ.-ին 50 մլրդ մակրոֆինանսական օգնություն։





























