Վերջին երկու ամսում իսրայելցի զինվորականները բազմիցս գրոհել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող լիբանանյան բանակի դեմ երկրի հյուսիսում, ինչը անհանգստացրել է Բայդենի վարչակազմին եւ լուրջ քննադատություններ առաջացրել ԱՄՆ պաշտոնատար անձանց շրջանում։
Իսրայելցիները հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 34 հարված են հասցրել Լիբանանի Զինված ուժերի դիրքերին, նշել են ԱՄՆ պաշտոնատար անձինք CNN-ի աղբյուրին։
Պաշտոնյաների խոսքով՝ Բայդենի վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ այդ հարվածներն անընդունելի են։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ այդ հարվածների մի մասը պատահական է եղել եւ նախատեսվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման համար, որը գործում է լիբանանա-իսրայելական սահմանին եւ իր հերթին հարվածներ հասցնում իսրայելական ռազմական դիրքերին։
Բայց մյուս հարվածների թիրախները այնքան էլ հասկանալի չեն, նշել է աղբյուրը։
Միջադեպերի մասշտաբները, որոնց մասին մինչ այդ չի տեղեկացվել, հիասթափեցրել են ամերիկացի պաշտոնյաներին, քանի որ ԱՄՆ-ն կարծում է, որ Լիբանանի ԶՈւ-ն պետք է դառնա Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ցանկացած հնարավոր դիվանագիտական լուծման մի մասը՝ հանդարտեցնելու համար ներկա բռնությունը։ ԱՄՆ-ն անհանգստացած է նաեւ այն բանից, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը Գազայում կարող է տարածվել հյուսիսում, եւ ամերիկացի պաշտոնյաները աշխատում են Իսրայելի եւ Լիբանանի հետ՝ փորձելով զսպել պատերազմը։
«Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է, որ չի ցանկանում, որ հակամարտությունը տարածվի Լիբանանի վրա, եւ մենք շարունակում ենք իսրայելցիներին հորդորել՝ անել հնարավոր ամեն բան, որպեսզի չթիրախավորեն խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքը, քաղաքացիական գյուղատնտեսական հողահանդակները, ՄԱԿ եւ լիբանանյան զինված ուժերը»,- CNN-ին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։





























