Բեռլինում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նրան Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում հայ-գերմանական հարաբերությունները լավ զարգացում են ապրել:
Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ասել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ համագործակցության առավել խորացումը ու ամրապնդումը, եւ դրա վկայությունն են համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը, երկկողմ փոխգործակցությունը ամենատարբեր ոլորտներում»:
Հայ-գերմանական հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելլեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպում, տնտեսական համագործակցության խթանման նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցություն, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել ֆինանսական ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ Եվրոպական միության ջանքերին, Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակել մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին շուրջ:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան–Եվրոպական Միություն հարաբերություններին, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծմանն առնչվող հարցերին:
Խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին` Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ ոլորտում առաջընթացը տեսանելի է:
Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ ութ տասնյակ ընկերություն, եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումների մասին: Այս առումով նախարար Վեստերվելլեն Գերմանիայի աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:
Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ եւ համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկման ժամանակ նախարար Վեստերվելլեն նշել է, որ Գերմանիան աջակից է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ջանքերին:
Գիդո Վեստերվելլեն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի Երեւան այցելելու հրավերը, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ այցելությունը իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին:
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցոլվ նաեւ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Փարիզ, որտեղ հոկտեմբերի 29-ին նախատեսված է նրա ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր համաժողովին:



























