Բրազիլացի հետազոտող եւ 3D-դիզայներ Սիսերիո Մորաիսը (Cicero Moraes), որը համակարգչով հնագույն մարդկանց արտաքինի վերականգնման գծով մասնագետ է, եվրոպական երկրների հետազոտողների հետ միասին վերստեղծել է կնոջ դեմքը, որի գանգն արհեստականորեն դեֆորմացվել էր, տեղեկացրել է Naked Science-ը։

Կնոջ մնացորդները հայտնաբերվել են Շվեյցարիայում մոտ կես դար առաջ։

1970-ականներին հնագետներն ուսումնասիրել են 5-րդ դարի վաղ միջնադարյան գերեզմանոցը, որը, ենթադրաբար, կապված է եղել բուրգունդների հին գերմանական ցեղի հետ, եւ այնտեղ հայտնաբերել են կնոջ արհեստականորեն դեֆորմացված գանգ։

Հավանաբար, կինը արեւելյան քոչվոր ցեղերի ներկայացուցիչ է եղել, որոնք կապված էին հոների կամ ալանների հետ, որոնք ժամանակակից Շվեյցարիայի տարածքում հայտնվել են Ժողովուրդների մեծ վերաբնակեցման շրջանում։

Այժմ Սիսերիո Մորաիսը եւ գանգն ուսումնասիրած մասնագետները ստեղծել են նրա թվային մոդելը, իսկ հետո ավելացրել փափուկ հյուսվածքները։