Բելգրադի ոստիկանությունը քաղաքային վարչության շենքի դիմաց արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ Ցուցարարները շենք խուժելու նոր փորձ են կատարել։ Տեղական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները կոտրում են դռներն ու պատուհանները, իրեր նետում ոստիկանների վրա, ՏԱՍՍ-ին եւ Blic-ին տեղեկացրել են իրադարձությունների վայրից։
Դեկտեմբերի 18-ից սկսված հանրահավաքները անցկացնում է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը, որը չի համաձայնել Բելգրադի ընտրությունների արդյունքներին։ Դեկտեմբերի 24-ին ցուցարարները փորձել են ներխուժել քաղաքային վարչության շենք։ Շենքի ներսում ոստիկանության աշխատակիցներն են։
Ցուցարարները փակել են կենտրոնական փողոցը։ Նրանք հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում նախագահ Վուչիչի հասցեին։ Գրոհի փորձը, ըստ Վուչիչի, ուղղված է ինքնիշխանության խափանմանը։ Նա նշել է «արտաքին գործոնի» մասին։ Նա շնորհակալություն է հայտնել օտարերկրյա ծառայություններին, որոնք «հասկացրել են, որ գիտեն, թե ինչ է պատրաստվում, եւ տեղեկություն են տրամադրել մեր հատուկ ծառայություններին, որոնք ժամանակին արձագանքել են»։ Նա չի նշել,թե ով է զգուշացրել Բելգրադին։ Նախագահը կարծում է, որ քաղաքային վարչության շենքի զավթման փորձը հեղափոխություն չէ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։





























