Կանադայում դաշնային կարգով կարգավորվող բոլոր գործատուներն այժմ պարտավոր են անվճար տրամադրել կանացի հիգիենայի ապրանքներ, ինչպիսիք են տամպոններն ու միջադիրները, որոնք պետք է դրվեն բոլոր զուգարաններում, ներառյալ տղամարդկանց։

Կանադայի զբաղվածության և սոցիալական զարգացման կայքի համաձայն՝ նոր կանոնները սահմանում են, որ կանացի հիգիենայի միջոցները պետք է հասանելի լինեն «բոլոր զուգարաններում՝ անկախ սեռային նշումներից»։  

«Սա նշանակում է, որ կանանց, տղամարդկանց և բոլոր սեռերի համար նախատեսված զուգարանները պետք է ունենան դաշտանային ցիկլի ժամանակ անհրաժեշտ պարագաներ», - ասվում է հաղորդագրությունում։

Կանադական հեռարձակման կորպորացիայի (CBC) համաձայն՝ քաղաքականությունը վերաբերում է բոլոր դաշնային հանրային ծառայության գերատեսչություններին, կորպորացիաներին, բանկերին, օդանավակայաններին և երկաթուղային կայարաններին:

Կանադացի պահպանողական նախկին սենատոր Լինդա Ֆրումը երեք օր առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց այն բանից հետո, երբ նա խորհրդարանի տրանսգենդեր անդամների համար զուգարանում կանացի միջադիրներով զամբյուղի լուսանկար հրապարակեց:

 «Նախկինում, երբ միայն կանանց մոտ էր լինում մենստրուալ ցիկլ, մենք ստիպված էինք վճարել արտադրանքի համար, բայց հիմա, երբ տղամարդիկ նույնպես դաշտան են ունենում, այդ ապրանքները պետք է անվճար լինեն տղամարդկանց զուգարաններում բոլոր դաշնային աշխատավայրերում, ներառյալ խորհրդարանը, որտեղ այսօր արվել է այս լուսանկարը»,- գրել է Ֆրումը X-ում:

Հեգնական գրառումը համացանցում  ունեցել է գրեթե 900 հազար դիտում: «Տղամարդիկ դաշտան չունեն»,-գրել է հարցվածներից մեկը, որին Ֆրումը պատասխանել է. «Հենց այդպես»: