Եթե 2022 թվականի հուլիսին Հայաստանում գործում էր մոտ 22 հազար POS տերմինալ, ապա այսօր այդ թիվը հասել է 75 հազարի, սակայն մոտ 20 հազար տեղադրված POS տերմինալներ չեն օգտագործվում։ Այս մասին հունվարի 10-ին ՀՀ խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչության պետ Գարեգին Գեւորգյանը։
Նա հայտնեց, որ POS տերմինալների ցանցի զարգացման համար ներդրվել է 1,8 մլրդ դրամ (ավելի քան 4,3 մլն դոլար-խմբ.), իսկ մեկ POS տերմինալի տեղադրման ծախսերը կրճատվել են վեց անգամ։
Գեւորգյանը նշեց, որ հանրապետության 1000 եւ ավելի բնակչություն ունեցող բոլոր բնակավայրերում տեղադրվել են POS տերմինալներ։
Նա ընդգծեց, որ վճարային քարտերի և տերմինալների միջոցով իրականացվող գործարքների թիվն աճել է և՛ քանակով, և՛ ծավալով։ «Մարդիկ սկսել են ավելի հաճախ գնումներ կատարել վճարային քարտերով, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր է կանխիկ վճարել, այսինքն՝ երբ վճարման գումարը 300 հազար դրամից պակաս է։ Հիմնական բեռը ընկել է սուպերմարկետների, մթերային խանութների, սննդի օբյեկտների և հյուրանոցների վրա։ Զգալի աճ կա նաև առողջապահության ոլորտում»,- հավելեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, եթե 2022 թվականին անկանխիկ եղանակով տրամադրվող կենսաթոշակների ծավալը կազմել է 81 մլրդ դրամ, ապա 2023 թվականին՝ արդեն 191 մլրդ դրամ։ «2023 թվականի ընթացքում Cashback ծրագրի շրջանակներում բանկերը վերադարձրել են 2,3 մլրդ դրամ»,- եզրափակեց Գարեգին Գևորգյանը։





























