Մոսկվայում, նոյեմբերի 1- 5-ին, անցկացվում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնություն, որին Հայաստանը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 60 կիլոգրամ քաշային, 19-ամյա Մեսրոպ Մկրտչյանը:

Նշենք, որ «Ունիվերսալ մարտերը»  /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձեւ է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում եւ արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:

«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն եւ ձեռնամարտ:

Գոյություն ունի նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:

Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հիմքի վրա, ֆեդերացիայի նախագահն է Լեւոն Հայրապետյանը: