Նախօրեին մանր խուլիգանության մեղադրանքով կալանավորված ադրբեջանցի լրագրող Շեյն Ռզաևն ազատ է արձակվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս մասին որոշումը կայացրել է Բաքվի վերաքննիչ դատարանը։
Լրագրողին ազատ են արձակել դատարանի դահլիճում:
Հունվարի 15-ին նշանակված 15-օրյա վարչական կալանքը փոխարինվել է 50 մանաթի տուգանքով։
Մի քանի օր առաջ Ռզաևը ուշագրավ գրառում է կատարել «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին՝ ըստ էության առաջ քաշելով հայանպաստ թեզ։
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին այս երկրում ավելացել է լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների ձերբակալությունների թիվը, ինչի մասին անցյալ տարեվերջին հայտարարություն արեց ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հիշեցնենք, որ ի պատասխան պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հայտարարություններին, Երեւանը մշտապես ընդգծել է, որ «բանակցություններում միջանցքային տրամաբանություն չկա»։




























