Բագրատաշեն-Այրում ճանապարհին սողանքի հետեւանքով մահացածների ընտանիքները, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կստանան պետությունից տրամադրվելիք 1-ական մլն դրամը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ըստ որում` սողանքի հետեւանքով 5 զոհերի ընտանիքները գումարներն ստանալու են ԱԻՆ-ից:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այդ գումարի ստանալը կախված է նրանից, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը երբ կներկայացնի վճարման հայտը: Իսկ դրանից հետո մեկ օրվա ընթացքում նախարարությունը կփոխանցի գումարը: ԱԻՆ-ից նշեցին, որ վճարման հայտը այժմ պատրաստման փուլում է:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի շուրջ 35 մեքենաներ, 7 քաղաքացի ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, 5 մարդ մահացել է: Ընդհանուր առմամբ` սողանքի գոտու հետեւանքների վերացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 65 մլն դրամ: