Երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ապրեսյանն ու Արմեն Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։