Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում ոչ մի կրթական ծրագրով։ Այս մասին Ազգային ժողովում, մասնագիտական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների մասին  լսումների ժամանակ, հունվարի 24-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մարդահամարի վերջին տվյալների համաձայն՝ 15-19 տարեկան դեռահասների 20,6 տոկոսը չի սովորում ոչ մի կրթական ծրագրով։ «Առավել տագնապալի իրավիճակ է 20-24 տարեկանների պարագայում։ Հաշվի առնելով այս տարիքային խումբը՝ չսովորող երիտասարդների բաժինը կազմում է 68,8 տոկոս։ Այսինքն՝ խոսքը ավելի քան 140 հազար մարդու մասին է»,- ավելացրել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ դա անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր մարդ գնահատելի է, իսկ մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ տնտեսական զարգացման տեսակետից։ Նախարարի կարծիքով՝ որակավորում չունեցող աշխատուժը առավել խոցելի է։