Հայաստանում անհրաժեշտ է մտցնել կիսաֆաբրիկատների արտահանման տուրք։ Այս մասին Ազգային ժողովում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարման մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 6-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը 2021թ. սեւ մետաղի ջարդոնի արտահանման արգելք է մտցրել, ինչը հանգեցրել է ոլորտում ներդրումների ներգրավման։ Բացի այդ, ստեղծվել է 750 նոր աշխատատեղ, հիմնվել 4 նոր գործարան։ «Այժմ իշխանություններն առաջարկում են մետաղական կիսաֆաբրիկատների արտահանման պետական տուրք մտցնել։ Դրանով մենք կխրախուսենք վերջնական արտադրանքի արտադրությունը»,- նշել է Քերոբյանը։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2025թ. հունվարի 1-ից։ Կմտցվի ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման տուրք։ Այն կկազմի շուկայական արժեքի մոտ 0,8-1 տոկոսը։ Վերջին ժամանակներս, նախարարի խոսքով, արձանագրվում է զգալի աճ այս ոլորտում, ուստի անհրաժեշտ է կարգավորել այն։

Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ Հայաստանը ոսկու ձուլակտորներ չի արտադրում։ Խոսքը միայն միջազգային առեւտրի մասին է։