Հայաստանում Գիրք նվիրելու օրվա հիմնադրումից 16 տարի անց մասնագետները փաստում են, որ տոնը սիրվել է հայ հասարակությունում։ Գիրք նվիրելու օրվա նախօրեին եւ փետրվարի 19-ին գրախանութներում հերթեր են նկատվում. մարդիկ շտապում են գիրք գնել եւ ուրախացնել մերձավորներին։
Օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից, Հայաստանի Գրողների միության ներկայում հանգուցյալ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ։ Տոնի օրը՝ փետրվարի 19-ը, պատահաբար չի ընտրված։ Այդ օրը 1869թ. ծնվել է Հովհաննես Թումանյանը։
Տոնի նպատակը երիտասարդ սերնդին ընթերցանության սեր սերմանելն է եւ հետաքրքրելը սեփական պատմությամբ եւ մշակույթով։ Տոնական ավանդույթներից մեկն այն է, որպեսզի հետաքրքիր գիրք նվիրվի հարազատ մարդուն։
Հայաստանում սկսել են ավելի հաճախ գիրք գնել եւ կարդալ
«Ռուսական գրքի» տնից NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ ըստ իրենց դիտարկումների՝ վերջին տարիներին Հայաստանում սկսել են ավելի հաճախ գրքեր գնել։ Մեծ պահանջարկ են վայելում դասականները, ինչպես նաեւ մանկական գրականությունը. գիրքը շարունակում է մնալ ավանդական նվերներից մեկը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար, եւ շատ հաճախ մարդիկ չեն սպասում Գիրք նվիրելու օրվան եւ այն նվիրում են տարբեր առիթներով։
«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշել է, որ այս տոնը ավելի լայնորեն է նշվում Հայաստանում՝ դառնալով համազգային. «Տոնը սիրվել է. բոլորը բոլորին գրքեր են նվիրում։ Այս տոնը առնչվում է գրեթե բոլոր տարիքային խմբերին՝ դպրոցականներից մինչեւ թոշակառուներ։ Այս հաճելի իրարանցումը գրախանութներում սկսվում է տոնից մի քանի օր առաջ, իսկ վաճառքի բարձրակետը ավարտվում է օրվա վերջին։ Անցած տարի, օրինակ, այս օրերին գրքերի վաճառքն ավելացել է 300-500 տոկոսով։ Հայ ընթերցողը հետեւում է գրական ավանդույթներին՝ նախընտրությունը տալով դասականներին, ինչպես նաեւ ժամանակակից նորույթներին՝ համաշխարհային մասշտաբի բեստսելերներին։ Հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է հայերեն գրականության պահանջարկը. եթե առաջ վաճառքի 70 տոկոսն էր կազմում ռուսալեզու գրականությունը, ապա այսօրվա դրությամբ հայերեն եւ ռուսերեն գրականության վաճառքի հարաբերակցությունը կազմում է 50։50»։
«Նոր գրախանութի» տնօրեն Հայկ Մկրտչյանը նշել է, որ տարեցտարի ավելանում է Գիրք նվիրելու օրվա տոնը նշողների թիվը. «Ավելանում է ոչ միայն տոնին ընդգրկվողների տոկոսը, այլեւ տոնն ինքը։ Եթե 5 տարի առաջ տոնն սկսվում էր փետրվարի 15-ին եւ ավարտվում 19-ին, ապա վերջին տարիներին նկատելի է, որ արդեն փետրվարի 11-ից մարդիկ սկսում են պատրաստվել տոնին։ Վերջին ժամանակներս շատ ակտիվ են այս առումով դպրոցականները, որոնք գնում եւ նվիրում են գրքեր ոչ միայն միմյանց եւ ուսուցիչներին, այլեւ դպրոցական գրադարաններին։ Հայաստանում ամենամեծ պահանջարկը վայելում է մանկական գրականությունը, ինչպես նաեւ գրքերը դպրոցականների համար՝ Հովհ. Թումանյան, Ղ.Աղայան եւ այլք։ Բայց արդեն 7-րդ դասարանից սկսած՝ դպրոցականները նախընտրում են ավելի թրենդային գրքերը, նորությունները»։
Մկրտչյանի խոսքով՝ մանկական գրականությունից հետո երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է, հետո գործնական հոգեբանության եւ նոն-ֆիքշըն գրքերը։
Թղթի՞, թե՞ էլեկտրոնային գրքեր. որո՞նք են գերակա
Խաչիկ Վարդանյանի խոսքով՝ թղթի գրքերի պահանջարկը չի նվազում, չնայած էլեկտրոնային գրքերի առկայությանը։
Գրախանութների մրցակիցներն են մարկետփլեյսները, որտեղ կարելի է գիրք ձեռք բերել տանը նստած։
Վարդանյանը նշել է, որ մարկետփլեյսների պատճառով 2023թ. «Բուկինիստի» խանութների ցանցը վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ մեկ տարում վաճառքի ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով վնաս է կրել։ «Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին սերվիսն է, գրախանութ հաճախելու մշակույթը, որը ոչ միայն առքուվաճառքի տեղ է, այլեւ տեղ, որտեղ մարդը հոգեկան բավարարություն է ստանում, ընկղմվում գրքերի աշխարհում։ Մարկետփլեյսներում դա չկա։ Բայց մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, եւ դժվար է հասկանալ, թե ով է իրավացի այս իրավիճակում»։
Հայկ Մկրտչյանի կարծիքով՝ չնայած էլեկտրոնային գրքերի առկայությանը, վաճառքի առյուծի բաժինը թղթի գրքերինն է. «Էլեկտրոնային գրքերի պահանջարկը կազմում է 7-8 տոկոս։ Բարձրակետը 2012 թվականին էր, եւ անգամ այդ ժամանակ տոկոսային հարաբերակցությամբ չգերազանցեց գրքի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը։ Այո, այն ժամանակ ահավոր էր, քանի որ էլեկտրոնային գրքերը կարող էին դուրս մղել թղթի գրքերին, բայց այդպես չեղավ։ Կարծում եմ, որ թղթի գրքերը տանուլ չեն տա էլեկտրոնայիններին»։
Ինչ վերաբերում է մարկետփլեյսների հետ մրցակցությանը, ապա, Մկրտչյանի խոսքով, գրքերի վաճառքի բացասական ազդեցությունը մարկետփլեյսներում գրախանութներն զգացել են բավական չափով. «Բարեբախտաբար, մարկետփլեյսները մրցակցում են միայն ռուսալեզու գրքերի հետ, հայալեզու հատվածի համար դրանք մրցակից չեն»։





























