Լոս Անջելեսի կենտրոնում կանեփի անօրինական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով հինգ հրշեջ է հոսպիտալացվել, հայտնում է NBC Los Angeles-ը։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում Սանտա Մոնիկա մայրուղուց հյուսիս գտնվող 69 տարվա  9100 քառակուսի ոտնաչափով աղյուսե կառույցում:

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայան Համֆրին հայտնել է, որ հրշեջները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, բազմակողմանի բժշկական զննություն են անցել՝ դեմքի հատվածում հանկարծակի այրման զգացողությունից հետո։ Նրանք ստացել են բժշկական համապատասխան օգնություն և դուրս են գրվել։

Մոտ 145 հրշեջ 56 րոպեում մարել է կրակը, ասել է Համֆրին։

Ըստ նրա, դեպքի վայր է բերվել դիակ հայտնաբերող  շների երկու խումբ՝ «պարզելու չհաստատված տեղեկություններն այն մասին, որ հրդեհի պահին մեկ կամ մի քանի մարդ կարող էին  լինել խիստ վնասված շենքում»: Նրանք մարդկային մնացորդների հետքեր չեն գտել, և ոչ մի վկա չի հայտնել որևէ մեկի անհետանալու մասին:

Հրդեհի պատճառը հետաքննվում է։