Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, ի պատասխան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին հարցին, կոչ է արել Երևանին «լավ մտածել», գրում է NEWS.ru-ն։
Ըստ նրա, Ռուսաստանում հայկական սփյուռքը «հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ և թերևս ճակատագրական» քայլ չի անի։
«Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի, թե ուր է պատրաստվում գնալ։ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերություններ և բարեկամություն կա։ Հայաստանի ցուցաբերած շտապողականությունը մի բան է, որի մասին պետք է մտածել։ Յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք... Իմաստնության հույս ունենք»,- լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», և որ այս որոշումը չի վերաբերվում երկրի բուն ազգային շահերին։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, ինքը չգիտի, թե ինչու են Երևանի քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք պարտադրում»։
Նա նշել է, որ, ի վերջո, Երևանն է որոշողը, բայց չարժի դա անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ «Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում նիստերին, չունենք ներկայացուցիչ։ Հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ Երևանը չի օգտագործում կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի նշանակման իր քվոտան, ինչո՞ւ Հայաստանը կարծիք չի հայտնում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի վերաբերյալ։ Երևանը հարցնում է, ակնկալում և պահանջում, որ ՀԱՊԿ գործընկերները պատասխանեն մեկ հարցի՝ ո՞րն է կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանում»,- ասել է Փաշինյանը։





























