Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԴԾ կոլեգիայում, կոչ է արել ռուսական հետախուզական ծառայություններին չմոռանալ «դավաճանների մասին», որոնք միացել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերին։
«Խնդրում եմ չմոռանալ, թե ովքեր են, անուն-ազգանունով բացահայտել: Մենք նրանց կպատժենք առանց վաղեմության ժամկետի, որտեղ էլ որ լինեն»,- ասել է Պուտինը, փոխանցում է РБК-ն։
Նա ԱԴԾ-ին կոչ արեց «բավարար ուշադրություն դարձնել գործունեության այս ոլորտին»։
«Որպեսզի ոչ ոք անհնազանդ չլինի։ Մենք հիշում ենք, թե ինչ էին անում վլասովցիները խորհրդային հողի վրա։ Եվ մենք դա երբեք չենք ների»,- հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ «դիվերսիոն և ահաբեկչական խմբավորումների»՝ ռուսական տարածք ներխուժելու բոլոր փորձերը «տապալվել են»։
«Թշնամու կանոնավոր ստորաբաժանումներից, օտարերկրյա վարձկաններից բաղկացած դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումների կողմից մեր տարածք ներխուժելու բոլոր փորձերը, դրանք նույնպես ակտիվորեն օգտագործվում են, և բոլոր տեսակի տականքները, որոնք տարբեր խողովակներով հայտնվել են Կիևի ռեժիմի տարածքում, այս փորձերը ձախողվեցին»,- նրա խոսքերն է մեջբերում Интерфакс-ը:
Նա նաև մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին Արևմուտքի աջակցությամբ «ահաբեկչական մեթոդների անցնելու մեջ՝ խաղաղ քաղաքների գնդակոծում, պետական պաշտոնյաների և հասարակական գործիչների դեմ մահափորձեր, դիվերսիաների և ահաբեկչական հարձակումների հեղինակներ հավաքագրելու փորձեր ռուսական կարևոր ենթակառուցվածքների վրա»։





























