Լոռիի մարզում ամեն տարի հանցագործությունների մեծ թիվ է գրանցվում, որի պատճառով, տեղի բնակիչները Լոռին կոչում են «կրիմինալ մարզ»: Վանաձորցիներից ոմանք էլ, կատակելով նշում են, թե քաղաքը նմանվում է հանցավոր Սիցիլիային:

Այս տարվա միայն 9 ամիսների ընթացքում մարզում գրանցվել է հանցագործությունների ընդհանուր առմամբ 934 դեպք: Այս ցուցանիշը, սակայն, համարվում է նվազում մոտ 130 դեպքով կամ շուրջ 12 տոկոսով, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալների համաձայն:  Ըստ բնույթի, աճ  գրանցվել է միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների գծով,  անցած տարվա 171-ի փոխարեն կազմելով 230 դեպք, այսինքն 60 դեպքով ավելի:

Հանցագործությունների նվազում նկատվել է նաեւ տարածքային առումով` Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի եւ Սպիտակի բաժիններում, բացառություն է կազմում միայն Գուգարքի բաժինը, ու կա փոքր տոկոսի աճ:

Ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնի տրամադրած տվյալների համաձայն, հանցագործությունների թվի նվազման հետ մեկտեղ, ավելացել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու, բռնաբարության եւ բռնաբարության փորձի, խուլիգանության, կաշառքի, պետական գույքի գողության, տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը:

Ընդհանուր առմամբ, մարզում գրանցված 934 հանցագործություններից  չեն բացահայտվել 43-ը: